Լեհաստանի Հայերը

Հետաքրքիր է, որ ճակատագիրը երբեք մեզ՝ հայերիս երես չի տվել, երբեք չենք ապրել անհոգ ու հանգիստ, առանց կորուստների ու ցավերի։ Հաճախ կամ գրեթե միշտ, զգացել ենք օտար տիրակալների և անկոչ բարբարոսների թուր ու թվանքի սրությունը: Տուժել ու կորցրել ենք, թալանվել ու կործանվել, բայց այնուամենայնիվ, այնքան ուժ ու կորով ենք գտել ինքներս մեր մեջ, որ փյունիկի պես վերստին վեր ենք հառնել մոխիրներից: Շատ ենք սխալվել ու երբեք չենք խրատվել, դասեր չենք քաղել ո՛չ մեր դառը պատմության էջերից, ո՛չ էլ սխալների հետևանքներից: Մեր ազգի անցած ուղին այնքան երկար է ու հին, որ շատ ազգեր դրա կեսն անգամ ապրած ու անցած չկան: Տրամաբանության բոլոր օրենքներով այսօր մենք սխալվելու իրավունք չունենք, եթե, իհարկե, անցյալի դասերը սերտած լինեինք: Բայց արի ու տես, որ պատմությունը սիրում է կրկնվել, իսկ մենք էլ «սիրում» ենք տառապել, բայց կրկնել մեր սխալները:
Այսօր էլ է կրկնվում պատմությունը, իսկ մենք «հաճույքով» կրկնում ենք նույն սխալները: Իսկ սա արդեն ազգային բնավորության հարց է:

Ձեզ եմ համառոտ ներկայացնում հայ ժողովրդի կյանքից մի փոքրիկ հատված, որը և դարձավ մեր պատմության այն հերթական ու բնորոշ սխալներից մեկը, որն իր ճակատագրական հետևանքներով առկա է մինչև այսօր: Այդ պատմությունից կիմանանք, թե ինչպես հայերը հաստատվեցին Լեհաստանում և ինչպես կազմավորվեց հայկական համայնքը:

***

Հայերը Լեհաստան գաղթեցին Բագրատունյաց դինաստիայի անկումից հետո։ Կար ժամանակ, երբ հայերի թիվը Լեհաստանում հասավ նույնիսկ 200.000 հոգու։ Հայերի բնակության գլխավոր վայրերն էին Իլվով* (կամ Լեմբերգ) և Կամիենեց (Kamieniec) քաղաքները։ Հիմա զուտ հայ բնակչությամբ մնացել է Կուտի քաղաքը, ուր ապրում են մոտ 4000 հայ* և դեռ խոսում են հայերեն։ Լեհ թագավորները սիրով էին ընդունում հայերին, քանի որ շատ էին ցանկանում ծաղկեցնել առևտուրն իրենց երկրում: Դրա համար էլ հայերին արտոնություններ և իրավունքներ տրվեցին: Կամիենեց և Իլվով քաղաքներում ապրող հայերը ներքին ինքնավարության իրավունք ստացան։ Այդ իրավունքը կոչվում էր վոյթ*(wojt,wójt): Վոյթը բաղկացած էր 12 հայերից, որոնք կառավարում էին հայոց գործերն ազգային սովորույթով և Մխիթար Գոշի դատաստանագրքով։ Դատավարությունը կատարվում էր հայերեն լեզվով, Անիի բարբառով։ Սակայն, երբ եկան Թաթարստանի հայերը՝ սկսեցին նաև վարել թաթարերեն, քանի որ հայերեն լեզուն նրանք արդեն մոռացել էին։
Շուտով, իրենց ձեռքն առնելով երկրի հարստությունը՝ հայերը նվաճեցին բարձրազդեցիկ դիրքեր ու պաշտոններ։ Հիմնեցին ու կառուցեցին եկեղեցիներ, վանքեր, նույնիսկ տպարան։ Բայց, հանգիստ ու խաղաղ կյանքը հայերի համար երկար չտևեց։
Պարսից հալածանքներից խուսափելով Լեհաստան գաղթեց Մելիքսեդեկ կաթողիկոսը, որը ժողովրդի կամքին դեմ գնալով, որպես եպիսկոպոս ձեռնադրեց Նիկոլ Թորոսովիչ անունով մի անբարոյական ու պիղծ մարդու։ Հետո հրամայեց, որ բոլորը պիտի հնազանդեն ու լսեն Նիկոլին, քանի որ, այսուհետ նա է լինելու հայերի հոգևոր առաջնորդը։ Դա վրդովություն առաջացրեց հայերի մոտ։ Ավելին՝ այդ Նիկոլը եկեղեցուց հեռացրեց կաթողիկոսի նվիրակներին*: Բարկացած հայկական համայնքը որոշեց դատի տալ Նիկոլ Թորոսովիչին, սակայն նա կառավարության առջև հայտարարեց, որ կաթողիկոսի նվիրակը թուրք լրտես է, որը հատուկ եկել է Լեհաստանը լրտեսելու։ Այսպիսի խաբեությամբ Թորոսովիչը խուսափեց դատ ու դատաստանից, իսկ հարազատ հայ ժողովրդին հալածելու համար դիմեց (եզվիտներին)* ճիզվիտներին, որոնք այն ժամանակ մեծ դեր էին խաղում Լեհաստանում։ Նիկոլը ճիզվիտներին խոստացավ, որ կփոխի իր հավատը և կենթարկվի Հռոմի պապին։ Այդժամ, ճիզվիտները պահանջեցին հանձնել եկեղեցին Նիկոլին։ Հայերը ամուր շրջափակել էին եկեղեցու դռները, սակայն լեհ ճիզվիտները դիմելով զինվորականների օգնությանը՝ ուժով կոտրեցին եկեղեցու դռները և Նիկոլը մուտք գործեց եկեղեցի։

Ահա, այսպես սկսվեց հայերի մղձավանջը Լեհաստանում։ Նիկոլը փակեց բոլոր եկեղեցիներն ու վանքերը, զրկելով հայ հավատացյալներին հոգևոր աղբյուրից՝ Առաքելական Եկեղեցի մուտք գործելու, աղոթելու, պատարագի մասնակցելու, սուրբ խոսքին հաղորդակցվելու հնարավորությունից: Հայկական համայնքը դիմեց կաթողիկոսին, սա էլ՝ Վլադիսլավ թագավորին ու Իլվովի եպիսկոպոսին։ Վերջիններս խղճահարվեցին և հրամայեցին բացել եկեղեցիները։ Վլադիսլավ թագավորը որոշեց անձամբ գնալ և ներկա լինել եկեղեցին հայ ժողովրդին հանձնելու պահին, սակայն, ինչպես ասվում է՝ հայի տականքն անմրցելի է։ Ճիզվիտների խորհրդով, Նիկոլը եպիսկոպոսի հագուստով և հաղորդության սկիհը ձեռքին դուրս է գալիս ժողովրդին ու լեհ թագավորին ընդառաջ՝ իբր պատարագ է մատուցում իր հայ ազգին։ Դե, էլ ի՞նչ կարող էր անել թագավորը։ Չհամարձակվեց ձեռք տալ Նիկոլին և ծեսը չխանգարեց։ Թատերական այս ներկայացումը շատերի աչքը փակեց իրականության առջև։ Հուսահատված հայերը դիմեցին ընդհուպ մինչև Վատիկան, սակայն այստեղ նույնպես ճիզվիտների օգնությամբ Նիկոլը հաղթեց։ Չէ՞ որ խոստացել էր կրոնը փոխել։ Շատ հայեր իրենց հոգևոր պետքը հոգալու համար գնում էին հեռու քաղաքներ, բայց Նիկոլի աչքից ոչինչ չէր վրիպում։ Այդ հայերին նա ենթարկում էր տուգանքների։ Կռիվն ու պայքարը Նիկոլի դեմ ձեռք էր բերել լարված և հուսահատական կերպար. ստեղծված իրավիճակում նորածինները մնում էին անկնունք, հարսներն՝ անպսակ, իսկ մեռելները մնում էին անթաղ….Մի բան էր պահանջում հավատուրացը. «Ուրացե՛ք հայրենի կրոնը»: Եվ հալածելով հասավ այն բանին, որ իսպառ քայքայեց ու ոչնչացրեց իր հոտը։ Մեծամասնությունը գաղթեց այլ վայրեր ու երկրներ։ 50.000֊անոց համայնքից մնացել էր հազիվ 5000 հայ։

Եվ, իսպառ հոտը ոչնչացնելուց հետո՝ նոր խելքի եկավ անօրենը, դիմեց կաթողիկոս Փիլիպոսին, որն այն ժամանակ Պոլիս քաղաքում էր: Մեղա եկավ, զղջաց, խոստովանեց իր մեղքն ու ներում հայցեց:Կաթողիկոսը նրան ներեց և գրավոր խոստում առավ, որ իր հոտը Էջմիածնից չի բաժանի և հայ ծեսը կշարունակվի մնալ լեհահայության համար: Իլվովցիք չհավատացին Նիկոլին, բայց զիջելով կաթողիկոսի նվիրակին՝ հաշտվեցին Նիկոլի հետ: Վերջինս մեծերից հույսը կտրելով, աշխատեց մանուկ սերունդը կրթել կաթոլիկ հոգով և Իլվովում բացեց մի դպրոց: Նիկոլի սկսած աշխատանքը շարունակեց և իր նպատակին հասցրեց նրա աշակերտը՝ կրոնավոր Վարդան Հունանյանը: Նա Իլվովի հայությանը վերջնականապես բաժանեց հայ եկեղեցուց և 1689 թվականին հրատարակեց միություն Հռոմի հետ: Ահա և այսպես ավարտվեց Լեհաստանի հարուստ և փառահեղ գաղթականության հոգևոր կապը Մայր Եկեղեցու հետ: Հետզհետե հայերի քանակը նվազեց, հասնելով հինգ հազարի:
Աստիճանաբար հայերը ձուլվեցին՝ մոռացան մայրենի լեզուն, ազգային-մշակութային ավանդույթները, հայկական եկեղեցու ծեսերն ու արարողությունները: Հայերը ամուսնանում էին Իլվովցի կանանց հետ, սովորում էին լեհերեն լեզուն, մասնակցում էին կաթոլիկ ծեսերին, իսկ իրենց երեխաները հաճախում էին լեհական դպրոցներ…

*Իլվով- ներկայումս՝ Լվով

*նվիրակ- Կաթողիկոսի կողմից որոշ հանձնարարությամբ կամ դրամական նվիրատվություն հավաքելու նպատակով օտար երկիր ուղարկվող բարձրաստիճան հոգևորական:
*Վոյթ(տ) – ավագ, ավագանի, ղեկավար, կառավարող։

*Եզվիտ (ճիզվիտ) – 1.կաթոլիկ եկեղեցու ժամանակակից ամենառեակցիոն ու ռազմատենչ հիսուսյան կարգի անդամ, կրոնավոր։ 2.փխբ. Խարդախ ու նենգավոր, իր նպատակին հասնելու համար միջոցների մեջ խտրություն չդնող մարդ։
*4000 հայ – նշված քանակը 1908 թվականի տվյալների համաձայն։

Նյութի աղբյուրը՝ Գ.Վանցեան «Հայոց պատմություն»՝ ծխական դպրոցների համար, Թիֆլիս,1908թ.

Նյութի հեղինակ՝ Ա․Գ․