Ադրբեջանցիներին զայրացնում է ռադարի վերաբերյալ Պուտինի առաջարկը

Շատերն ասում են, որ Պուտինն իրավունք չունի Վաշինգտոնին թույլատրել օգտվել Գաբալա կայանից:

Ռուսաստանի անսպասելի առաջարկը` թույլատրել Միացյալ Նահանգներին օգտվել Ադրբեջանում գտնվող իր ռադարային կայանից, շատերի մոտ զայրույթ եւ զարմանք է առաջացրել:
Նախագահ Վլադիմիր Պուտինը ապշեցրել է իր ամերիկյան գործընկեր Ջորջ Բուշին անցյալ շաբաթ Գերմանիայում Մեծ ութնյակի գագաթնաժողովին հնչեցրած իր առաջարկով: Այն ուղղված էր հարթելու ԱՄՆ-ի` Արեւելյան Եվրոպայում հրթիռներ տեղակայելու ծրագրերի շուրջ առաջացած վիճաբանությունը: Սակայն այժմ կարող է մի նոր վիճաբանություն սկսվել, քանի որ ադրբեջանցիներից շատերն անմիջապես նկատեցին, որ Պուտինն իրավունք չունի ուրիշի կայանի օգտագործման համար առաջարկներ անել:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բավական դրական է արձագանքել. ՚Սա [Ադրբեջանի] երկու երկրների հետ ռազմավարական համագործակցությունում նոր տարր էՙ, – հայտնել է նա ռուսական հեռուստատեսությանը:

Սակայն այլ պաշտոնյաներ զայրացած են:

՚Եթե Ռուսաստանը մտադիր է թույլատրել ինչ-որ երրորդ երկրի օգտվել ռադարային կայանից, այն նախ պետք է քննարկի այդ հարցը Ադրբեջանի հետՙ, – ասում է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիաֆատ Ասկերովը: Մեջբերելով Գաբալա ռադարային կայանի վարձակալության պայմանագրի 4-րդ հոդվածը` նա ասաց, որ կայանը չի կարող հանձնվել երրորդ կողմի առանց Ադրբեջանի համաձայնության:

Ռուսաստանում Ադրբեջանի նախկին դեսպան Խիկմետ Հաջիզադեն, ով այժմ հայտնի քաղաքական վերլուծաբան է, նույնպես քննադատում է այդ գաղափարը: ՚Ռուսաստանի նախագահի հայտարարությունը կատարյալ քաղաքական անտակտություն էՙ,- ասել է նա:

՚Ռուսաստանի նախագահը հաշվի չի առել երկու կարեւորագույն գործոն: Առաջինը` Ադրբեջանն արդեն ունի հակահրթիռային պաշտպանության համակարգ: Երկրորդն այն է, որ կայանի ապագան պետք է որոշի Ադրբեջանը, այլ ոչ թե այն ժամանակավոր վարձակալող երկիրը: Այդ պատճառով էլ Ադրբեջանի արձագանքը Պուտինի հայտարարությանը պետք է կոշտ լինիՙ:

Սառը պատերազմի ավարտից հետո Միացյալ Նահագների` Չեխիայի Հանրապետությունում եւ Լեհաստանում հակահրթիռային պաշտպանության համակարգ կառուցելու մտադրությունը Մոսկվայի եւ Վաշինգտոնի ամենաթեժ բանավեճի առարկան էր դարձել: Ռուսաստանը համոզված չէ, որ այդ համակարգը միայն Իրանի դեմ է ուղղված, եւ սպառնացել է հրաժարվել զենքերի օգտագործման մի շարք երկկողմ պայմանագրերից եւ ավելացնել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում:

Շատերը համաձայն են, որ Իրանի սահմանից ընդամենը 200 կիլոմետր հեռու գտնվող Ադրբեջանի Գաբալա շրջանում տեղակայված ռադարային կայանից համատեղ օգտվելու առաջարկով Ռուսաստանը ԱՄՆ-ին զրկել է նրա հիմնական հաղթաթղթից եւ բարդ դրության մեջ դրել:

Գաբալայի ռադարային կայանը վերահսկում է Ասիայի մեծ մասը, այդ թվում Իրանը, ինչպես նաեւ Աֆրիկայի մեծ մասը եւ Ատլանտյան եւ Հնդկական օվկիանոսներում գտնվող կղզիները: Այն կառուցվել է 1987, եւ Ռուսաստանը շարունակում էր օգտագործել այն Խորհրդային Միության փլուզումից հետո, թեեւ դրա համար իրավական հիմքեր չուներ: 2002թ. Ռուսաստանը եւ Ադրբեջանը վերջապես համաձայնեցին, որ կայանը պատկանում է Ադրբեջանին: 10 տարի ժամկետով այն վարձակալելու համար Ռուսաստանը տարեկան պետք է 3 միլիոն դոլար վճարի:

Իրանն անհանգստությամբ հետեւում էր իրադարձությունների հետագա զարգացմանը: Բաքվում Իրանի դեսպանատան հաղորդմամբ, Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է. ՚Օրեր առաջ Ադրբեջանի Գաբալա ռադարային կայանի ռուս-ամերիկյան համատեղ օգտագործման վերաբերյալ հակասական հայտարարություններ են հնչել: Մենք մեծ ուշադրությամբ ենք հետեւում դրանցՙ:

Ադրբեջանցի փորձագետները զգուշացնում էին, որ ԱՄՆ ուժերի ժամանման դեպքում Ադրբեջանը կարող է թիրախ դառնալ Իրանի հարձակման համար: Նրանց կարծիքով, Բաքուն պետք է անվտանգության երաշխիքներ պահանջի ե’ւ Ռուսաստանից, ե’ւ ԱՄՆ-ից` մինչեւ իր տարածքում կենտրոնի տեղադրման թույլտվություն տալը:

Ադրբեջանի հասարակությանը անհանգստացնում են նաեւ ռադարային կայանի ընդլայնման բնապահպանական հետեւանքները. կայանը վտանգավոր ճառագայթման աղբյուր է համարվում:

՚Եթե ԱՄՆ-ին թույլատրեն օգտագործել այդ կայանը, նշանակում է, որ կմեծանա նաեւ շրջակա միջավայրին պատճառվող վնասըՙ,- ասում է անկախ ռազմական փորձագետ Ազադ Իսազադեն: ՚Ամպերն անդրադարձնում են ռադարի ճառագայթները դեպի մոտակա երկրի խիտ բնակեցված տարածքները: Պաշտոնապես ասում են, որ կայանն անվնաս է, սակայն անկախ բժշկական ուսումնասիրությունները հակառակն են ցույց տալիսՙ:

՚Մինչեւ Գաբալայի ռադարային կայանի կարողությունները մեծացնելն անհրաժեշտ է գնահատել դրա ազդեցությունը շրջակա միջավայրի ու բնակեցված տարածքների վրաՙ,- համաձայնում է Ադիլ Գադիրովը` Ճառագայթման խնդիրների ինստիտուտի տնօրենը: ՚Ներկայումս մենք դրա մասին գաղափար անգամ չունենք: Խնդրի ուսումնասիրման նպատակով երկու անգամ պետական հանձնաժողովներ են հրավիրվել, սակայն դա ոչ մի արդյունք չի տվելՙ:

Քաղաքական վերլուծաբան Ռասիմ Մուսաբեկովը միակն էր, որ տեսնում է այդ առաջարկի դրական կողմը: Նրա կարծիքով, ԱՄՆ-ի հետ համագործակցության արդյունքում Սպիտակ տունը եւ Կրեմլը կարող են աջակցել Ադրբեջանին` նորից վերահսկողություն սահմանելու անջատված Լեռնային Ղարաբաղի հանդեպ::

՚Գաբալայի ռադարային կայանի համատեղ օգտագործումը Ռուսաստանին կդրդի փոխել իր դիրքորոշումը ղարաբաղյան հարցում Ադրբեջանի օգտինՙ,- ասել է նա: ՚Ճիշտ օգտագործելով Էներգիայի ռեսուրսների եւ դրանց փոխանցման գործոնը, աճող եկամուտները եւ տարածաշրջանում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համագործակցությունը, Ադրբեջանը կմեծացնի իր օգտին ղարաբաղյան հարցը լուծելու իր հնարավորություններըՙ:

Ջասուր Մամեդով, Բաքու Ջասուր Մամեդովը ՚Զերկալոՙ թերթի ռազմական թղթակիցն է:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի (www.iwpr.net) Կովկասյան լրատուից:

17 Հունիսի, 2007 [ http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=50362 ]